Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանն այս Ֆորումը դիտարկում է որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որը կարող է էական դեր ունենալ այսօրվա գլոբալացված աշխարհի մարտահրավերներին դիմակայելու գործում։
«Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցել և նպաստել միջմշակութային երկխոսության, փոխադարձ ըմբռնման և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին: Համոզված ենք, որ բարելավված բազմամշակութային համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և մշակութային ներառական դինամիկայի, նորարարության, համերաշխության ու կայունության խթանմանն ուղղված քաղաքականություններն ի զորու են ամրապնդել հանդուրժողականությունը, հարգանքն առ բազմազանություն և խաղաղություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանն ընդգծել է, որ հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը:
«Ադրբեջանը, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։ Ավելի քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը»,- շեշտել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի:
«Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։ Հայաստանը բազմիցս հայտնել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցների բարեխիղճ իրականացումն ապահովելու և միջմշակութային երկխոսության ու մշակութային բազմազանության խթանմանն ուղղված գլոբալ ջանքերին իր ներդրումն ունենալու նպատակով»,- ասել է Միրզոյանը:
2022 թվականի մարտին Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ժխտման Ադրբեջանի քաղաքականությունը։ Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում նպատակաուղղված ոչնչացնում է հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Նշվում է, որ միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ավերվել է 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզման և ավելի քան 5000 տապանաքար։