ԵԱՀԿ գործող նախագահը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ-ն և կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին էսկալացիան: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից։
Կազմակերպությունում հայտնում են, որ «եռյակի» նախարարները և գլխավոր քարտուղարը քննարկել են այդ տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները: Նրանք նշել են ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցությունների արդիականությունը։ «Եռյակը» հիշեցրել է նաև տարածաշրջանում ԵԱՀԿ փորձի և գործիքների մասին։
ԵԱՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, ինչպես նաև վերջերս Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած զինված բախումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: