Ամերիկայի կողմից մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերը փոքրացնելու ցանկություն կարող է լինել, բայց փորձը ցույց է տալիս որ Ռուսաստանը դեռևս շարունակում է մնալ մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ուենցող և սպասարկող պետություն: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Չնայած Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ֆրոնտում, այլ տարածքներում ունի պատժամիջոցներ, բայց նա կարողանում է այս պահի դրությամբ սպասարկել իր ռազմավարական նշանակություն ունեցող շահերը՝ այդ թվում Հարավային Կովկասում»,- ասաց նա և նշեց, որ չնայած բարդացել է վիճակը, քչացել է ռեսուրսները, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դեռևս ակտիվ ներգրավվածություն ունի այն տարածաշրջաններում, որտեղ ունի ռազմավարական շահեր:
«Դեռևս ռեսուրսներ չեմ տեսնում, որ հնարավոր կլինի ԱՄՆ-ի կողմից Ռուսաստնին ամբողջությամբ տարածաշրջանից կամ դուրս մղել կամ հակակշիռ ձևավորել՝ օգտագործելով ամենատարբեր ռեսուրսները և հնարավորությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների կողմից ի շահ Հայաստանի ծառայեցնելը, Սարգսյանն ասաց, որ Հայաստանի իշխանություները ոչ մի իրավիճակ չեն կարողանում ի շահ Հայաստանի օգտագործել:
«Սա մեր ամենամեծ խնդիրն ու բացթողումն է: Իհարկե փորձում են ամեն ինչ անել, որ կարողանան ցանկացած պրոցեսի արդյունքում հայանպաստ բաներ ստանալ, բայց պրոֆեսիոնալիզմի բացը երևում է»,- շեշտեց նա:
Միջազգայնագետն ասաց, որ Ռուսաստանի նկատմամբ հակակշռումը, նրա հնարավոր զսպումը ամերիկյան քաղաքականության հիմնական ուղղություններից է: Դրա մասին են խոսում բոլոր ամերիկյան ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերը և ակնհայտ է, որ երբ լինում է հնարավորություն աշխարհքաղաքական իրողությունները փոխվում են, ԱՄՆ-ն դա օգտագործում է որպես հարմար պատրվակ՝ ռազմավարական բնույթի շահերի սպասարկման տեսանկյունից:
Մասնավորապես ԱՄՆ-ի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի կոչ էր արվում ադրբեջանկան կողմից զորքերը հետ քաշել, քաղաքագետը նկատեց, որ որևէ նոր բան չի ասվել, ամերիկյան քաղաքական գիծը նույնն է:
«Պետդեպարտամենտն ու գործադիր իշխանությունը դրան տալիս են դիվանագիտական փաթեթավորում, իսկ Նենսի Փելոսին տալիս էր քաղաքական փաթեթավորում՝ հստակ իրերն իրենց անունով կոչելով»,- նշեց նա:
Մեր զրուցակիցը նկատեց, որ ամերիկյան քաղաքականությունը, բարձր մակարդակի շփումները ակտիվանում են այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ռեալ հնարավորություններ է տեսնում հայ-թուրքական կամ հայ-ադերբեջանակն խնդիրների կարգավորման տեսանկյունից:
Որպես այդպիսի օրինակ նա հիշեցրեց 1994 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վաշինգտոն կատարած բարձր մակարդակի այցը, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ներգրավվածությունը:
«Այս բոլոր դերպքերում ԱՄՆ-ն ակտիվանում է և այս իրավիճակն էլ բացառություն չէ: Այս բոլոր գործընթացներում ակտիվանում են և սպասարկում են տարածաշրջանային իրենց շահերը»,- ասաց նա:
Հարցին, թե չի տեսնում միտում որ ի տարբերություն նախորդ փորձերի, հիմա ամերիկյան կողմի հավակնությունները ավելացել են, Սուրեն Սարգսյանն ասաց. «Հավակնությունները չեն ավելացել վերջին 30 տարիների ընթացքում, գլոբալ գերնպատակը մնացել է նույնը՝ հակակշռել Ռուսաստանին մեր տարածաշրջանում՝ օգտագործելով իր ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի հնարվորոյւթյունները: Մեծ հաշվով որևէ նոր բան տեղի չի ունենում, տեղի է ուենում այն, ինչ պլանավորվում է կամ փորձ է արվում իրականացնել վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան ռազմավարական շահերի տեսանկյունից»,- եզրափակեց Սարգսյանը: