Ուզում եմ Հունաստանին շնորհակալություն հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ անցած 30 տարիներին երկրների միջև ձևավորվել են ամուր հարաբերություններ։
Անդրադառնալով ասուլիսին նախորդած առանձնազրույցին՝ Միրզոյանն ընդգծեց, որ մանրամասն քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները։ Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքը։ Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները նոր հանցագործությունների են բերում։ Եվ այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն։ Առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հստակ գործողություններով կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները։
Միրզոյանը նշեց, որ առաձնազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին։
«Երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ-ի և ԼՂ ժողովրդի դեմ։ Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը չլուծված է մնում, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները։ Մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը ու վերահաստաում խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մեր հանձնառությունը»,-հավելեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ ավելի վաղ առանձնազրույց է ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Մանրամասները՝ տեսանյութում։