«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կողմնորոշվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցում․ նա իշխող խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն է, գրում է «Հրապարակ»-ը։
ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն:
Պարբերականը նշում է, որ նախկին լրագրող Վահագն Հովակիսյանը շատ առումներով չի համապատասխանում այս պաշտոնին ներկայացվող պահանջներին։
«Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել եւ ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ` ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, ով իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով: Հերթը ԿԸՀ-ինն է»,- գրում է թերթը։