Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանցիների գործողությունները։ Այս մասին Բուայեն գրառում է կատարել Twitter-ի իր էջում․
«Սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցներն ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։ Ուկրաինացիների արյունն ավելի թանկ է, քան հայի արյունը»,- գրել է ֆրանսիացի սենատորը։
Բուայեն ասել է նաև, որ հաստատվել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների սպանության տեսագրության իսկությունը․ «Մենք սպասում ենք Ադրբեջանի դատապարտմանը պաշտոնական եվրոպական և ֆրանսիական իշխանությունների կողմից»,- գրել է նա։
Ֆրանսիացի պատգամավորը դիմել է նաև Ֆրանսիայի և ԵՄ երկրների լրատվամիջոցներին՝ կոչ անելով «գործել ի շահ փոքր և ժողովրդավարական Հայաստանի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին արբեջանական կողմը հայ մի խումբ գերիների գնդակահարելու տեսանյութ էր հրապարակել: Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ տեսանյութի իսկության մասով կասկած չկա՝ հավելելով, որ այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ մի շարք տեսանյութեր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին են փաստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կօգտագործի հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: