Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված մահապատժի ակտի հետաքննության մեկնարկը և կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս մասին ասվում է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության հետ:
«Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների մահապատժի տեսանյութից խորապես ցնցված ենք»,-նշվում է հայտարարության մեջ:
Ֆրանսիան նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված բոլոր հայ բանտարկյալներին:
Հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք աալիքներում և սոցցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների խմբի գնդակահարության տեսագրությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաղորդել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։