Հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք պետք է խստագույն պատժվեն։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Ադրբեջանցի զինծառայողների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության միջավայր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին արբեջանական կողմը հայ մի խումբ գերիների գնդակահարելու տեսանյութ էր հրապարակել: Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ տեսանյութի իսկության մասով կասկած չկա՝ հավելելով, որ այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ մի շարք տեսանյութեր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին են փաստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կօգտագործի հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: