«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Ջեքի Սփիերին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։ Այս մասին Կոնջորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Որպես Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Ջեքի Սփիերին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ»,- գրել է Կոնջորյանը։
Նա կոչ է արել գործընկերներին շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։