Ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Դեսպանը նշել է նաև, որ ուժի կիրառումն անընդունելի է: Դեսպան Թրեյսին ընդգծել է նաև ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետը ներկայացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: