Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինինը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: