Այս մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով իր երեկվա հայտարարությունից հետո հնչեցված մի շար կարծիքների:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանն իր էջում մեջբերել է ՀՀ առաջին նախագահի արձագանքը, ուր նա, մասնավորապես, նշել է.
«Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:
Հիշեցնենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-յան իր էջում փոխանցել էր Տեր-Պետրոսյանի արձագանքը «Հայկական ժամանակ» օրաթերթում ադրբեջանական կողմի հաշտության պայմանագրի մասին եղած տեղեկատվական արտահոսքին։