Վահագն Հովակիմյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Նրա ընտրությանը կողմ են քվեարկել 65 պատգամավոր։
Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ավելի վաղ Վահագն Հովակիմյանը Facebook-ում հայտնել էր, որ քանի որ ԿԸՀ անդամները, գործող օրենսդրության համաձայն, չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, նա դադարեցնում է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությանը:
Հովակիմյանը ԱԺ նախագահին է ներկայացրել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու և պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին դիմումներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին։ Նա ԿԸՀ նախագահն էր 2011 թվականից։
Նշենք, որ ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ: