Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին, գրում է «Հրապարակը»։
«Բանն այն է, որ Պրահա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների օրակարգից հանվել է «միջանցք» բառը»,- գրում է թերթը։
Սակայն Պրահայից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևը դեմ է ճանապարհների ապաշրջափակմանը, քանի որ այլ՝ միջանցքային ռեժիմով է ճանապարհ ուզում։ Սա նշանակում է, որ կա՛մ խաղաղության պայմանագիրն ի չիք է դառնում, կա՛մ Ադրբեջանը փորձելու է միջանցքն ստանալ ուժի միջոցով՝ պատերազմով, ընդգծում է թերթը։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև։ Հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ Երևանը և Բաքուն վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի համար։
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Պրահայում ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ Հայաստանի «ինքնիշխանությանն ու օրենսդրությանը լիովին համապատասխան», սակայն, նրա գնահատմամբ, Ադրբեջանը կրկին բացասաբար է արձագանքել։