Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին միանալ մահապատիժը վերացնելու արձանագրությանը «բոլոր ժամանակներում, ամենուր և անկախ հանգամանքներից», ասված է Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ նրանց համատեղ հայտարարության մեջ։
Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրության մասին է։ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Եվրոպայի խորհրդի բոլոր այն անդամ երկրներին (ներառյալ ԵՄ անդամ բոլոր երկրները), որոնք վերացրել են մահապատիժը բոլոր հանգամանքներում և կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի վերջին երկու անդամ երկրներին, որոնք դեռ չեն միացել այս Արձանագրությունը՝ Հայաստանին և Ադրբեջանին, դա անել առանց հապաղելու»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը պահանջել էր Ադրբեջանի ԱԳՆ-ից բացատրել հայ գերիների մահապատժի տեսագրությունը։
Հոկտեմբերի սկզբին մի շարք Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում հրապարակվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների խմբի մահապատժի տեսանյութը։ Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, որ գերիների մահապատիժը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ «Թաթոյան» հիմնադրամը պարզաբանել է, որ հայ գերիների սպանությունը կատարել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի՝ ադրբեջանական նոր Կոմանդո ջոկատի զինծառայողները։