Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգներում առաջնահերթություն է համարվում, ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Ուստի մենք շարունակելու ենք զբաղվել այս հարցով։ Կոնկրետ արդյունք չեմ կարող խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ընդգծել է Փրայսը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։
Փրայսը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում՝ ընդգծելով, որ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո դա առաջին հանդիպումն էր նման ձևաչափով, ինչպես նաև պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերը երկու երկրների արտգործնախարարների հետ:
Բացի այդ, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ամենօրյա կապի մեջ է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։