ԱՄՆ պետքարտուղարությունը խորը մտահոգություն է հայտնել սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրություններով։ Այս մասին Twitter-ում հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«Լիարժեք և անաչառ հետաքննութամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորներին։ Հոկտեմբերի 4-ին Բաքվից 17 հայ ռազմագերիների վերադարձը նշանակալից և դրական քայլ էր»,- ասվում է հայտարարությունում։
Հոկտեմբերի 11-ին Telegram-ի ալիքներում և սոցիալական ցանցերում տարածվեց վերջին օրերի երկրորդ տեսանյութը, որը վկայում է հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների վայրագությունների մասին։
Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պահանջել էր Ադրբեջանի ԱԳՆ-ից պարզաբանումներ տալ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրության հետ կապված։
Հոկտեմբերի սկզբին մի շարք Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում հրապարակվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների խմբի մահապատժի տեսանյութը։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ գերիների մահապատիժը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ «Թաթոյան» հիմնադրամը պարզաբանել էր, որ հայ գերիների սպանությունը կատարել են ադրբեջանական նոր հրամանատարական ստորաբաժանումների զինծառայողները։