Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը տեղյակ է եղել բուհի միավորման մասին. որևէ գաղտնիք չկա: Այս մասին կառավարությունում տված իր ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ զարմացած է բուհի ռեկտորի հայտարարությունից, թե անակնկալի է եկել: Անակնկալի, նախարարի խոսքով լիազոր մարմինն է եկել, ոչ թե ռեկտորը: Նա տեղյակ է եղել գաղափարին դեռ օգոստոսի վերջից. ինքն անձամբ է տեղեկացրել:
Նախարարը չի հերքում. կառավարությունը շրջանառում է երեք բուհերի միավորման հարցը՝ Բրյուսովի, Մանկավարժականի և Ֆիզկուլտ ինստիտուտի, այն ըստ սահմանված կարգի կդրվի քննարկման: Միևնույն ժամանակ նշեց, որ ուսանողների կյանքում ու դասախոսական կազմում ոչինչ չի փոխվելու, միայն հնարավոր է երկու ռեկտորի կրճատման հարց, իսկ բովանդակային հարցով ոչինչ չի փոխվելու: Ի դեպ, երեք շենքերն էլ պահպանվելու են, ոչ մի տեղափոխություն չի լինելու: Իսկ ակադեմիական քաղաքի գաղափարը, թեև առկա է, սակայն դա հեռանկարային ու լայնամասշտաբ գործողություն է: Դեռ քննարկվում է նոր միավորված բուհի անվանումը:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսովի անվան համալսարանի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտնել էր, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախորդ օրը տեղի ունեցած նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել օրակարգի հաստատմանը, որում ներառված է եղել բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը որպես փաստարկ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:
Նշվում է, որ ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:
Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: