Ֆրանսիացի գրող, հրապարակախոս և ճանապարհորդ Սիլվեն Թեսոնը դեմ է արտահայտվել, որ եվրոպական երկրները շարունակեն գազ գնել Ադրբեջանից:
Նա Facebook-ի իր էջում զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։
«Այս ձմռանն ավելի լավ է սառեմ հայերի հետ, քան տաքանամ ադրբեջանցիների հետ», – գրել է Թեսոնը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի մատակարարումները կրկնապատկելու Ադրբեջանի մտադրության մասին: Դրանից հետո Twitter-ի օգտատերերը սկսել են #StandWithArmenia ֆլեշմոբը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի։ Ֆլեշմոբին միացել են սոցցանցի օգտատերերը տարբեր երկրներից, այդ թվում՝ հայտնի հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ և շարքային քաղաքացիներ: Ֆլեշմոբն անցկացվում է «Ես հրաժարվում եմ ֆինանսավորել հայերի սպանությունները» կարգախոսի ներքո։