Վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննասել է, որ այս տարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, եւ ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Լրատվականը հիշեցնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։
Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ` տարիներին չի ստորագրվի:
«Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է»,- ասված է հոդվածում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ խաղաղ պայմանագիր կնքել և սահմանազատել երկու երկրների սահմանները։