Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Իր ելույթում վարչապետը նշել է, որ աշխատում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և այդ համատեքստում կարևորել է ԱՊՀ դերը։
«Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ»,- ասել է վարչապետը։
Նա ներկաների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ քննարկում են նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։ Որոշում կայացնելուց առաջ Փաշինյանը կարևոր է համարել կողմորոշվել հետևյալ հարցերի շուրջ․
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը»,- ասել է վարչապետը։
Նա կարևորել է հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991թ. հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր և նշել, որ այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։
«Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով։ Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ։
«Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,- ասել է նա։
Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը Փաշինյանը համարել է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Նա նշել է, որ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։
«Նաև ցանկանում եմ ասել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք»,- ասել է վարչապետը:
Ընդլայնված կազմով նիստում ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները: