Շվեյցարիայի Ժնևի կանտոնի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» Շվեյցարական սոցիալիստական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևով մասնավորապես կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։
Բացի այդ, կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։