Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Մարտի 25-ին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե մեկնենք նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին», – հայտարարել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մփուլի ֆուտբոլային հանդիպմանը հետևելու նպատակով։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի հրավերով ներկա էր գտնվել Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը, որը կայացել էր 2009 թվականի հոկտեմբերին՝ Բուրսա քաղաքում։
Այնտեղ ընթացել են նաև բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև, որին հաջորդել է նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հետագայում ընդհատվել է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է «Եվրո-2024»-ի որակավորման փուլի հանդիպումների խաղացանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկում սեփական հարկի տակ կընդունի Թուրքիայի հավաքականին։