Երևանի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստի մեկնարկին «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին կանչել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի ստուգեն՝ արդյո՞ք զինված մարդիկ չկան դահլիճում:
Սակայն փոխքաղաքապետը առանց նրա խնդրանքը հաշվի առնելու ցանկանում էր սկսել նիստը, երբ Խաչատրյանը կրկնեց, որ ոստիկանություն կզանգահարի: Թեև իր խոսքով, դիմել է ոստիկանություն, բայց արձագանք չի ստացել։
Երկխոսությանը միջամտեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ խնդիրը լուծված է։
«Բոլորս գիտենք կոնկրետ ինչ հարց է։ Պարոն Անտոնյան, խնդրում եմ` ուղիղ արձագանքեք, Ձեզ է վարաբերվում»,- ասաց Ավինյանը։ Անտոնյանը ասաց, որ իր մոտ զենք չկա:
Հիշեցնենք, որ 2021 թվականին անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին իմքայլական ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն։ Նրան և 87-ամյա հորը ծեծի էին ենթարկել և դանակահարել:
Անտոնյանը ավագանու անդամներ Անի Խաչատրյանին և Թեհմինե Վարդանյանին մեղադրել էր իր դեմ մահափորձի համար։