Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: ԵՄ-ից եկող առաքելությունը դերակատարում կունենա կայուն խաղաղության հարցում: Մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում: Այս մասին այսօր Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելուն:
«Իսկ եթե մասնավորեցնեմ, պետք է ասեմ, որ ակնկալիքն այն է, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա: Այդ փաստերը կվկայեն Հայաստանի այն պնդումները, ըստ որի՝ ագրեսիա է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք: Իհարկե, այս առաելությանը հետագա նոր հարձակումների, նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն պետք է վերագրենք: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա կայուն խաղության հարցում»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու թեմային, հնարավոր նոր զարգացումներին և այն տեղեկություններին, որ ԵԱՀԿ-ից ևս դիտորդներ կարող են ուղարկվել, նա նշեց.
«Քննարկվում է նաև մեր սահմանագծին՝ ՀՀ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում այս հարցում հստակություն կունենանք: Ինչ վերաբերումա ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտեք, դիմել ենք կազմակերպությանը, որ նախնական դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշոմ է կայացել: Այդ պաշտոնյաները եկել են և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, որը ներկայացված է բոլոր անդամ պետություններին: Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, թե երբ կարո՞ղ է տեղի ունենալ ՀԱՊԿ-ի խորհրդի բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրի ղեկավարները կարող են քննարել նաև այդ առաքելությնան գործուղումը: Հիմա որոշում չկա, կան քննարկումներ, և պետք է տեղի ունենա խորհդրի նիստ: Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա: Իսկ իրավիճակը հետևյալն է. ագրեսիա ՀՀ-ի դեմ, ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելուն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական միության տեխնիկական պատվիրակությունը ժամանել է Երեւան՝ նախապատրաստելու Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության աշխատանքը։