Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը պարզաբանումներ է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։
ԵՄ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում առաքելությունն ունենալու է երկու հիմնական խնդիր՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով երկու կողմերից հրադադարի պահպանմանը: Նա զինվորական դիրքերի և տեղում հրադադարի գործընթացների վերաբերյալ կանոնավոր և ժամանակավոր զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում, ինչը թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
«ԵՄ դիտորդները նաև կապահովեն սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունների մոնիտորինգը, ներառյալ մարդու իրավունքներին առնչվող իրադարձությունները: Նրանք հետաքննական գործառույթ չեն ունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը բլոկի համապատասխան հաստատություններին և ծառայություններին կզեկուցի սահմանի երկայնքով կատարած իր դիտարկումների մասին: Ըստ հաղորդագրության, նա ստացված տվյալների հիման վրա քաղաքական բնույթի եզրակացություններ չի անի։ Ընդգծվում է նաև, որ առաքելությունը ռազմական չէ, դրա շրջանակներում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։
Նշվում է, որ առաքելության պատասխանատվության տարածքը լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմը։
Զեկույցում նշվում է նաև, որ ԵՄ առաքելությունը և ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը, որը տարածաշրջան է ուղարկվել հոկտեմբերի 19-ին, առանձին առաքելություններ են՝ երկու տարբեր մանդատներով։ Միևնույն ժամանակ ԵՄ դիտորդական առաքելությունը կապ է հաստատելու բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ: Ընդգծվում է, որ ԵՄ առաքելության և ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերի միջև համընկնում չկա։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Եվրամիությունը սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին հետևելու նպատակով։ ԵՄ-ի՝ մինչև 40 փորձագետներից բաղկացած առաքելություն ուղարկելու որոշումը հոկտեմբերի 17-ին համաձայնեցվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից։