Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ ՀՀ-ի համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է. սա իսկապես տպավորիչ փաստ է: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում հյուրընկալվելիս:
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել նիստի ընթացքի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Ավանդաբար մենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի աշնանային նստաշրջանն անցկացնում ենք Երևանում: Երեկ անցկացրինք նեղ կազմով նիստը, և պետք է ասեմ, կարծում եմ՝ գործընկերներն էլ կհամաձայնվեն, որ բավական արդյունավետ նիստ էր: Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ հետագա զարգացմանը:
Ընդհանրապես աշնանային նիստը Միջկառավարական խորհրդի ամփոփիչ նիստն է: Ստացվում է՝ կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասում ենք, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը, որպեսզի օգտագործենք այդ հնարավորությունները: Ուրախ եմ, որ առաջ ենք շարժվում հենց այս ուղղությամբ:
Այսօր մեզ է միացել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովը: Նա կմասնակցի ընդլայնված կազմով նիստին: Ուզբեկստանը դիտորդ երկիր է Եվրասիական տնտեսական միությունում, ինչը շատ ուրախալի է: Հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր ևս կունենանք լավ, արդյունավետ և արգասաբեր նիստ»:
ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: