Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտելու ավելի ուժեղ հասարակական պահանջ ձևավորվեց 2018 թվականից ի վեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը՝ նշելով, որ ի վերջո գործը վերաբացվեց:
«Ես հիմա զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, քանի որ քննություն է ընթանում: Հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ համապատասխան մարմինները կտան իրենց եզրակացությունները»,- ասաց Դեմիրճյանը:
Armenia Today-ի հարցին, թե տեսնում է արդյոք Դեմիրճյանը դիտավորություն նախկին և ներկա իշխանությունների կողմից՝ գործի հապաղման համար, նա նշեց, որ նախկին իշխանությունների մասին բազմիցս են հանդես եկել դիրքորոշմամբ, որ գործը կոծկել են: Դեմիրճյանը նշեց նաև, որ գործի մանրամասներին չի տիրապետում:
Լրագրողների հարցին, թե 23 տարի առաջ տեղի ունեցածը կապ ունի՞ այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Դեմիրճյանը նշեց.
«Այն առումով, որ դա ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը, իհարկե, կա ուղիղ կապ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքը իրեն զգացնել է տալիս առ այսօր»: Նա նշեց, որ գործի բացահայտումը պետք է ոչ միայն մահացածների հարազատներին, այլև մեր պետությանը, ժողովրդին:
Նշենք, որ Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի որդին է:
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է: 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին: Եվս 8 հոգի վիրավորվեց։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։