Ռուսաստանը ավանդաբար աջակցել է հայ ժողովրդին նրա անվտանգության ապահովման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ինչպես բոլորը քաջատեղյակ են, Ռուսաստանը ավանդաբար, ենթադրենք, եթե նայեք պատմական բաղադրիչին, միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և հնուց ի վեր աջակցել է մեր հայ ընկերներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Պուտինը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա, ըստ Պուտինի, Ռուսաստանն առայժմ անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ և համակարգված կարգավորման հասնելու համար։
«Անմիջապես նշեմ, որ դա բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը… ոչ վաղ անցյալում մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել։ Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնել պարզապես անհնար է։ Մենք, իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Եվ ընդհանրապես, մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» կարող է լինել այն ուղին, որը սահմանվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ։
Պուտինն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով է, որ կարելի է հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորման։
«Մենք դա բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք կարող ես գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա նաեւ հնարավորություն կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասնակիցները նիստում կքննարկեն 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ որոշմամբ Հայաստան ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված իրավիճակի սրման հետ հայ-ադրբեջանական սահմանին: Նրանք կքննարկեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նախօրեին ասել է, որ, ի թիվս այլ հարցերի, տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում։