Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ, հավելել են մամուլի ծառայությունում։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-յան իր միկրոբլոգում այսօր գրել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: