Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կվարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Հանդիպման նախապատրաստման աշխատանքներն սկսվել են հոկտեմբերի 14-ին Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճերը։
ArmeniaToday-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ փորձելով հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք այս հանդիպումից և արդյոք հավատում են խաղաղության թեզերին:
«Ակնկալիքներս խաղաղ ճանապարհով հարցի լուծումն է, գերիների վերադարձ, երկարատև խաղաղություն մեր երկրին: Եթե լավ դիվանագիտություն վարեն, իհարկե կլինի խաղաղություն, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը: Մեկ այլ քաղաքացի սակայն, դրական որևէ բան չէր սպասում առաջիկա հանդիպումից:
«Ներկայիս կառավարությունից ոչ մի լավ ակնկալիք չունեմ: Առհասարակ չեմ պատկերացնում ոնց կարելի է թշնամի պետության հետ խաղաղության գնալ, թշնամու հետ, ով սերունդներ է մեծացրել թշնամանքով: Հուսանք լավ կլինի, բայց չեմ հավատում»,- ասաց մյուս զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի եւ Ալիեւի երկու հանդիպումներ՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի են ունեցել Պրահայի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովում հոկտեմբերի 6-7-ին։ Մակրոնի մասնակցությամբ գագաթաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել էր հայտարարության ընդունմամբ։