Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «ռուսական» առաջարկով ԼՂ կարգավիճակի հարցի հստակեցումը հետաձգվում է, ինչին հայկական կողմը տվել է դրական արձագանք։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Արևմուտքի առաջարկներով միջազգային հանրության կողմից ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև պետք է մեխանիզմ ստեղծվի։ Միջազգային հանրության դիտարկման ներքո պետք է տեղի ունենան բանակցություններ, քննարկում ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության վերաբերյալ», – նշեց Մարուքյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը բոլոր առաջարկների վրա դետալային քննարկում է իրականացնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը «իհարկե պետք է»։ «Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հարցի ամբողջական կարգավորմանը։ Մենք կողմ ենք դրան: Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է», – ընդգծել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, -մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։