Իշխանության առաջարկած օրակարգը և ճանապարհն ըստ էության կործանարար է։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ թվարկելով իրենց առաջարկները։
«Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության անվտանգության և վերականգնման գործին»,- ասաց Սաղաթելյանը։
Նա երեկ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի մասին մի քանի կարևոր արձանագրություն արեց։
«Առաջինը՝ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, խորհրդարանական ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազում և չի լինելու։
Երկրորդ՝ շատ հստակ արձանագրեցին, որ Արցախն Ադրբեջանիին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է այդ ժողովրդի համար և արժանանալու է դիմադրության»,- ասաց Սաղաթելյանը։
Երրորդ կարևոր արձանագրությունը, նրա խոսքով այն է, որ ՀՀ որևէ իշխանություն չունի որևէ իրավունք ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։
Չորրորդ՝ Արցախից հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեն տեր կանգնել Արցախին, սատարել Ացախի ազգային շահերին, կանգնել Արցախի կողքին։
Սաթելյանը վերահաստատեց, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ժամը 15։00-ին հանրահավաք են հրավիրում՝ անսալով Ացախի ձայնին։ Դա, բանախոսի կարծիքով միասնության հանրահավաք է, բայց ոչ թե անձերի, այլ անվտանգության ու ինքնիշխանության շուրջ։ Այսպիսով՝ սա կուսակցական կամ քաղաքական հավաք չէ, այլ հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով։