Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման բաց հատվածում հայտարարել է, որ ժամանակն է խոսել և գործել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը, որը մի փոքր ուշ կլինի, նման հանդիպումներն արդեն տեղի են ունեցել և տեսնում եմ, որ դրանք շատ լավ ազդակ են տվել կարգավորման գործընթացին», – ընդգծել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «պատմություն է և այդ համատեքստում գրեթե ոչինչ չկա քննարկելու»:
«Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է։ Այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձևաչափն է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում և ակնկալում ենք հետագայում ևս Ձեր ակտիվ անձնական դերն ու Ռուսաստանի դերը այդ նպատակներին հասնելու գործում», – ասել է Ալիևը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին երկու տարի առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած ավանդի համար, «ստորագրվել է եռակողմ հռչակագիր, որը վերջ է դրել բազմամյա հակամարտությանը»:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ է քաշել 5 հիմնական սկզբունք, որոնց վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն։ «Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են և կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման նպատակն է ապահովել բոլոր եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին:
«Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը այնպես, ինչպես պետք է անի։ Այդ գնահատականների համար շնորհակալ եմ Ձեզ», – ասել է Պուտինը Ալիևին։
Անդրադառնալով հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքներին՝ Պուտինը նշել է դրա աշխատանքին «լրացուցիչ ազդակ» կհաղորդվի։
«Նրանք բավական հեռուն են գնացել այն հարցերի լուծման տեսանկյունից, որոնց մասին մենք նախկինում խոսել էինք դեռ երկու տարի առաջ։ Այստեղ նույնպես, հավանաբար, անհրաժեշտ է լրացուցիչ ազդակ հաղորդել», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը՝ կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, Անդրկովկասը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։
Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։