Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կոմիտեից։
Նշվում է, որ պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության պատվիրակության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։
Այցի ավարտին ԵԽ պատգամավորները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների կողքին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։