Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ՝ երկու երկրների միջև բանակցություններն ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների մակարդակով հեշտացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության հաստատմանը։ «Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, ինչին, ի դեպ, երկու երկրներն էլ ձգտում են»,- ասել է Փրայսը։
Հարցին, թե արդյոք պետք է սպասել ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցների կամ հանդիպումների, Փրայսը պատասխանել է. «Կարծում եմ՝ այդ ամենը քննարկվում է: Մենք կանենք այն, ինչ ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»։