ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում չորրորդ օրն է՝ ընթանում է Բյուջե-2023 թվականի քննարկում, որտeղ այսօր զեկույցով հանդես եկավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը
Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց Վաշինգտոնում իր ադրբեջանցի գործընկերոջ և ԱՄՆ պետքարտուղարի հետ մոտալուտ հանդիպման մասին։ Նա տեղեկացրեց, որ մի քանի օրից կմեկնի ԱՄՆ։
«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
Օտար երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը
Աշխարհի 179 երկրների ու միջազգային հարաբերությունների սուբյեկտների հետ ՀՀ-ն ունի դիվանագիտական հարաբերություններ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների քանակը 2023թ․-ին կլինի 64, որոնցից 47-ը դեսպանատներ, 6-ը՝ մշտական ներկայացուցչություններ, 11-ը՝ գլխավոր հյուպատոսություններ։
Հաջորդ տարի նախատեսվում է մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։ Նախատեսվում է բացել դեսպանություն Ուրուգվայում և Գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում։ Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում և Սերբիայում, ՌԴ Վլադիկավկազ քաղաքում։ Միրզոյանը պարզաբանեց, որ Լարսի անցակետի խնդիրները քիչ դեր չունեն վերջինիս բացման որոշման մեջ։
Միրզոյանը նշեց, որ շատերի համար տարակուսելի է, որ Կիպրոսում դեռ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն։ Սերբիայում ՀՀ դեսպանատան բացումը պայմանավորված է այս տարի ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան բացման փաստով, իսկ Թավրիզում ԳՀ բացումը պայմանավորված է Սյունիքում ԻԻՀ հյուպատոսության բացմամբ։
Նախարարն ասաց, որ կա առնվազն 4 երկիր, որոնց մայրաքաղաքներում ՀՀ-ն անշարժ գույք կգնի։ Չի բացառվում, որ դրանցից որոշները գնվեն ընթացիկ տարում։
Առաջընթաց Թուրքիայի հետ հարաբերություններում
Հայտնի է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, միևնույն ժամանակ, ըստ Միրզոյանի, թուրքական կողմն այդ կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ, և դա ըստ էության մի քիչ նախապայման է հիշեցնում։ Ըստ նախարարի՝ այնուամենայնիվ հատուկ բանագնացնեերի միջև կոնկրետ քննարկումներ են ընթանում։ Թեև քննարկումը տեղափոխվել է նաև մասնաագիտական որոշակի ներգրավվածության դաշտ և դուրս է եկել բանագնացների շրջանակից։ Քննարկվում են մի քանի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ հարցերը։ Կարող եմ ասել, որ առաջընթաց կա՛, խոսակցությունը շարունակվոում է։ Ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն և մոտ ապագայում»,- ասաց նախարարը։