Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ երկրին հուսալի գործընկեր համարելը խայտառակություն է: Public Senat հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն:
Բուայեի խոսքով՝ էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացնել հայերի դեմ Ադրբեջանի իրական ռազմական հանցագործությունները։ Ֆրանսիան, նրա խոսքով, կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ նախագահում էր Եվրոպական միությունում։
«Եմ մոնիթորինգային առաքելությունը Հայաստան ուղարկելը նվազագույն ծառայություն է»,-հավելել է Բուայեն:
Սենատորն ընդգծել է, որ Հայաստանի թշնամիները չեն թաքցնում հայ ժողովրդին ոչնչացնելու իրենց մտադրությունը։
«Բայց մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, Եվրոպան ադրբեջանական գազ է գնում, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ալիևին հուսալի գործընկեր է անվանում: Կոռումպացված և ռասիստական Ադրբեջանը, հարձակվելով Հայաստանի սահմանների վրա, ձգտում է էթնիկ զտումներ իրականացնել և շարունակել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է ֆրանսիացի սենատորը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Ադրբեջանը մինչև 2027 թվականը նախատեսում է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող գազի ծավալները: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր: