Մենք լրագրողների համար ապահովել ենք շատ ավելի հարմար տարբերակ: Այս մասին ՔՊ վարչության ընտրությունների լուսաբանման համար լրագրողներին չհավատարմագրելու մասին ասաց պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ դա զուտ տեխնիկական որոշում է եղել՝ առցանց ուղիղ հեռարձակմամբ հետևել ամե ինչին, այդ թվում՝ ձայների հաշվարկին:
«Մեր՝ ժողովրդավարության պատկերացումները արտացոլվում են միջազգային ինդեքսներում Հայաստանի ժողովրդավարության բարձր ցուցանիշներով, Հայաստանում բացարձակ խոսքի ազատությամբ, լրագրողների՝ գործելու բացարձակ ազատությամբ, ինչ ուզել գրելու, հարց տալու փաստով»,- ասաց Պապոյանը: Նա ընդգծեց, որ իրենց մոտ ամեն ինչ թափանցիկ է, ոչինչ չեն թաքցնելու:
Միևնույն ժամանակ Պապոյանը չհստակեցրեց, թե ինչու է ՔՊ-ն վերահաշվարկել ձայները, ում դիմումի կամ դիմումների հիման վրա են դա կատարել: Նա նաև ամբողջովին բացառեց դիտավորությամբ ձայները փոփոխելը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն այսօր հրապարակել է հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ընտրությունների վերահաշվարկման արդյունքները, որտեղ ձայների նախնական հաշվարկի համեմատ տարբերություններ կան: Պապոյանի խոսքով, սակայն, դրանք այնքան էական չեն եղել, որ ազդեն վերջնարդյունքի վրա: