ՀՀ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Միրզոյանն այս մասին նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում: Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: