Ես երջանիկ եմ, դատախազությունը շատ խելացի է վարվում, քանի որ պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան, թե ե՞րբ, ի՞նչ է կատարվել, որպեսզի կարողանան վերջնական արդյունքում, եթե պետության վնաս է հասցվել, եթե ինչ-որ օրենքի կետ է խախտվել, օրենքը պաշտպանեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է զրկել Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ու Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից։
Գործը հասել է վարչական դատարան, եղել է նախնական նիստ, դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Այս տեղեկությունները «Հետք» էլեկտրոնային պարբերականն է այսօր հրապարակել։ «Սիլ պլազայի» վերակառուցումն ավարտվել է 1997-ին։ Մինչ այդ 19-րդ դարի այդ շինությունը համարվել է պատմամշակութային հուշարձան։
«Գույքը ձեռք է բերվել այսպես, մեզ ասել են, որ դա քաղաքի կենտրոնում է, Դուք ունեք գումարներ, Ձեզ խնդրում ենք վերցրեք, մենք ասել ենք՝ չենք ուզում։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե գնանք դրան, ապա այդ բակի տները պետք է քանդվի։ Մենք 5 բնակարան ձեռք բերեցինք այդ քաղաքացիների համար։ Այդտեղ, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, չի արդարացրել իրեն»,-հայտարարեց Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքն իր բոլոր գործողությունների համար պատասխան է տալիս։ «Հենց սկզբից մենք մեր ընտանիքում կանոն ենք սահմանել, որ չխախտվի օրենքը»,-նշել է նա։