Հարավային Կովկասի համար Արցախյան հարցը կարևորագույններից է: Հաշվի առնելով ներկայումս ստեղծված համաշխարհային քաղաքական բավականին բարդ վիճակը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունն Ուկրաինայի տարածքում՝ Արցախի հարցը նույնպես չի կարող զերծ մնալ այդ երկու գերտերությունների պայքարի թատերաբեմից: Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ Սոչիի եռակողմ հանդիպմանը հաջորդած վաշինգտոնյան հանդիպումը դիտարկելով հենց վերոնշյալ համատեքստում:
«Արցախյան հարցն ուշադրության կենտրոնում է. թե՛ ՌԴ-ն, թե՛ հավաքական Արևմուտքը ցանկանում են իրենց էական ներդրումն ունենալ հարցի կարգավորման գործընթացում. յուրաքանչյուրը ցանկանում է իր տեսակետը պնդել և իր ազդեցությունն ամրապնդել՝ օգտագործելով հարցի կարգավորման սեփական մեթոդներն ու մոտեցումները: Նշվածից բխող գործընթացը տեղի է ունենում 2020թ. կապիտուլյացիոն համաձայնագրից հետո՝ արդեն մոտ 2 տարի: Վերջին մեկ տարվա ընթացքում այդ գործընթացն էականորեն ավելի նկատելի է դարձել: Կարող ենք ասել, որ Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև այդ գործընթացը կենաց-մահու պայքարի փուլում է»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Սոչի հանդիպումը որևիցե հաջողություն չբերեց ռուսական կողմին:
Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փաստացի համատեղ «խաղացին» ՌԴ ղեկավարության դեմ: Սոչիում ընդունվեց հայտարարություն, որը որևիցե էական նշանակություն չունեցավ ռուսական կողմի համար:
«Ու քանի որ հայկական կողմը սուբյեկտ չէ, Սոչիում ընդունված հայտարությունն ամբողջովին բավարարեց Ադրբեջանի ցանկությունը: Այնտեղ անգամ չնշվեց Լեռնային Ղարաբաղ հասկացությունը. Արցախը ֆիքսվեց որպես տարածք, ուր տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը: Դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ այց դեպի Բրյուսել, հետո Վաշինգտոն, ուր Հայաստանի ղեկավարությունը Բլինքենի նախագահությամբ նորից բանակցություններ վարեց Ադրբեջանի հետ: Սա փաստացի ցույց է տալիս, որ ճիշտ է ռուսական կողմի դիրքորոշումն առ այն, որ կան վաշինգտոնյան ու մոսկովյան ծրագրեր: Փաստացի ընդունվում է վաշինգտոնյան փաստաթղթի առկայությունը: Բացի այս, արդեն անհասկանալի է, որ հայկական կողմը, որպես հիմք, վերցրել է հարցի կարգավորման արևմտյան՝ պայմանական ասած՝ «Բրյուսել-վաշինտոնյան» մոտեցումները»,- նշեց Բադալյանը:
Նրա խոսքով՝ սա ցանկալի չէ ռուսական կողմի համար, որը, սակայն, այն պահի դրությամբ վերոնշյալը կանխելու ազդեցության լծակներ չունի:
«Սա ամենևին չի նշանակում, որ հաջորդ վայրկյանին ձեռք չի բերելու այդ լծակները կամ քայլեր չի ձեռնարկելու, բայց այս պահի դրությամբ Ռուսաստանին չի հաջողվում կասեցնել հարցի լուծման արևմտյան գործընթացը, որին, բացի ՌԴ-ից, համաձայն են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը, ինչպես նաև Արևմուտքը»,- նկատեց Բադալյանը:
Հարցին՝ մոսկովյան կամ վաշինգտոնյան տարբերակներին այլընտրանք կա՞՝ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այլընտրանք միշտ կա, սակայն այլընտրանք կա միայն այն դեպքում, երբ բանակցող կողմերն առնվազն միջազգային քաղաքական ինքնուրույն սուբյեկտ են հանդիսանում: Ադրբեջանը սուբյեկտ է, թեպետ նրա վրա շատ ուժեղ է Թուրքիայի ազդեցությունը, իսկ հայկական կողմն ընդհանրապես սուբյեկտ չէ: Հայաստանի իշխանություններն ամբողջովին Արևմուտքի վերահսկողության ներքո են գտնվում, այդ իսկ պատճառով Հայաստանի համար այլընտրանք այլևս չկա: Հայկական կողմն այլևս սուբյեկտ չէ, այլ ընդամենը՝ օբյեկտ, որի հետ քաղաքական գործընթացի մասնակից ուժերը վարվում են այնպես, ինչպես նպատահարմար են գտնում»:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի ադրբեջանական պայմաններով, ինչպես և հայտարարվել է Ադրբեջանում: Ըստ նրա՝ ամեն ինչ դեպի հենց այդ ուղղությամբ է գնում: Իսկ թե ի՞նչ վտանգներ կարող են լինել, մասնավորապես, փաստաթղթի վաշինգտոնյան տարբերակի ուղղությամբ գնալու և այն ստորագրելու համատեքստում՝ նա շեշտեց.
«Այս ուղղությամբ գնալու դեպքում Արցախի համար շատ բացասական ապագա է սպասվում: Այդ դեպքում ամբողջովին անհասկանալի է դառնում հայ բնակչության ճակատագիրը, որովհետև այնտեղ կարգավիճակի մասին որևէ դրույթ չկա, խաղաղապահների մասին դրույթ՝ ևս: Եվ հասկանալի է, որ խաղաղապահների առաքելության ժամկետը լրանալուց հետո ադրբեջանական կողմն ուղղակի դուրս է հրավիրելու խաղաղապահներին, իսկ այն պահին, երբ խաղաղապահները հեռացան Արցախից, այնտեղից հեռանալու է նաև հայ բնակչությունը: Սա Արցախի վերջնական կորուստ կնշանակի: Բացի այդ, հայկական կողմը զիջելու է առավելագույնն այն ամենը, ինչ կպահանջի Ադրբեջանը. չի բացառվում նաև «անկլավներ», «միջանցք» կոչվածները: Այդ դեպքում հայկական կողմն ամեն ինչ զիջելու է՝ ոչինչ չստանալով, ինչի հետևանքով Հայաստանը դե յուրե գոյություն ունեցող, բայց դե ֆակտո գոյություն չունեցող պետության կվերածվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին։Ավելի ուշ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում ծրագրվում է քննարկել խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը նախորդել էր Սոչիի եռակողմ հանդիպումը: Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Հավելենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքն սկսել է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Աննա Բադալյան