«Հայաստան» խմբակցությունը քառօրյա նիստերին մասնակցելու մասին վերջնական որոշում չունի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Խմբակցությունում պարբերաբար տարաբնույթ հարցերի հետ կապված քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում՝ Ձեր մատնամշած հարցի հետ կապված: Քննարկումները շարունակվում են, վերջնական որոշման դեպքում հասարակությունը և ԶԼՄ մեր հարգելի ներկայացուցիչները վստահաբար տեղյակ լինելու են»,- ասաց Խամոյանը:
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանն, ապա պատգամավոր Հայկ Մամիջանյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստում է ֆեյսբուքյան գրառում, որտեղ կետ առ կետ ներկայացնելու է դիրքորոշումը:
«Մինչ այդ որևէ մեկնաբանություն չէի ցանկանա տարածել»,- ասաց նա:
Նշենք, որ Թագունի Թովմասյանը քիչ առաջ հայտարարել է, որ քառօրյային կմասնացեն:
«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում»,- գրել էր նա: