Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։
Բաքվում դժգոհ են «իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված զրպարտչական արշավից, Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների սպառնալից հռետորաբանությունից, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այնտեղ նաև Իրանի դեսպանին հայտարարել են «Իրանում Ադրբեջանի այն քաղաքացիների բնակության համար պայմանների ստեղծման անընդունելիության մասին, որոնք հանցագործություններ են կատարել Ադրբեջանի սահմանադրական կարգի հիմունքների դեմ և որոնց դեմ միջազգային հետախուզում են հայտարարել»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «ոչ բարեկամական քայլ» է համարում Իրանի դեսպանատներում այն անձանց ընդունելությունը, որոնք «Ադրբեջանի Հանրապետությունում անջատողականություն են հրահրում և թաքնվում այլ երկրներում»:
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանին հայտարարվել է, որ Իրանում «Ադրբեջանի դեմ ուղղված» տեղեկատվության տարածումն անթույլատրելի է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ: Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի օգնականը դեսպանին դժգոհություն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումներից: