«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Ազգային ժողովում կմասնակցի աշխատանքներին: Թեև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները միասնաբար չեն հայտարարել՝ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի աշխատանքներին մասնակցելու են արդյոք, թե ոչ, բայց օրաթերթը տեղեկացավ՝ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի հայտարարությունների ժամին ներկա են լինելու:
Պահն օրհասական է, ասում են ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ու Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է, ու Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, թե՛ հնարավոր մյուս բոլոր հարթակներում պետք է շարունակել: Վստահեցնում են, որ այնպես չէ՝ ԱԺ շենք են մտնելու ու մոռանան փողոցի պայքարի մասին, պարզապես բոլոր հարթակները պետք է օգտագործել:
«Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին մասնակցելո՞ւ եք»,- հետաքրքրվեցինք ընդդիմադիրներից: Ի պատասխան մեր հարցին՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ից, թե՛ «Հայաստան» դաշինքից պատասխանեցին՝ դեռ հստակ որոշում չունեն:
Նշենք, որ Armenia Today-ը նույնպես զրուցել էր ընդդիմադիր պատգամավորների հետ և տեղեկացել, որ նիստերին մասնակցելու հստակ որոշում չկա: