Ադրբեջանը կարծես մտադիր է իր «օգտակար թշնամիների» ցանկում ավելացնել Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կարծես հիմա Ադրբեջանը սիրով կավելացնի Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր «օգտակար թշնամիների» ցուցակում։ Ադրբեջանի բռնապետական թագավորությունում ինչ-որ բան այն չէ»,- գրել է նա։
Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են մնալ Ալիևի «օգտակար թշնամին»՝ նրա բռնապետությունն արդարացնելու նպատակով։
Ալիևի միակ մտահոգությունը, ընդգծել է Մնացականյանը, իր տոհմական ընտանիքի հարստությանն ու հզորությանը սպառնացող վտանգն է։
«Նա վախենում է Ադրբեջանում և Բաքվի փողոցներում աճող բողոքի ցույցերից և դժգոհությունից։ Ճիշտ այնպես, ինչպես նրան վախեցրին 2020 թվականի հուլիսին»,- գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեհրիբան Ալիևան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից՝ «Ղարաբաղի տարածքների վերականգնման» հարցում ծանրաբեռնվածության պատճառով։
Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչի մասին Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային հարթակներում։