ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օգտագործել ամերիկյան զենքը՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի ինքնիշխանությունը խախտելու և տարածաշրջանի ապակայունացման նպատակով, Twitter-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
Նա տեղեկացրել է, որ միացել է Թուրքիային ամերիկյան կործանիչների վաճառքը սահմանափակելու նախաձեռնությանը։
«Ես միացել եմ իմ գործընկերներին՝ պնդելով ներառել մեր առաջարկած փոփոխությունները՝ սահմանափակելով F-16-ների վաճառքը Թուրքիային՝ այս տարի պաշտպանական ծախսերի օրինագծով։ Մենք չենք կարող թույլ տալ Էրդողանին օգտագործել ամերիկյան զենքը՝ ոտնահարելու ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի ինքնիշխանությունը և ապակայունացնելու տարածաշրջանը»,- գրել է Փալոնը։
Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 20 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը Կոնգրեսին կոչ էր արել պահպանել Պաշտպանության ազգային հատկացումների ակտի (NDAA) վերջնական տարբերակը 2023 ֆինանսական տարվա համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 կանոնակարգը, որը սահմանափակումներ է դնում Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների մատակարարման վրա, հայտնում է ANCA-ն։
«Մենք պետք է ապահովենք, որ ամերիկյան զենքը չօգտագործվի դաշինքի ներսում ռազմատենչ գործողությունների համար», – ասել է նամակի համահեղինակ Քրիս Պապասը՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովների ղեկավարությանը:
Կոնգրեսի նամակում ասվում է, որ Թուրքիան բազմիցս օգտագործել է F-16 կործանիչներ՝ խախտելու Հունաստանի ինքնիշխանությունն ու օդային տարածքը՝ կասկածի տակ դնելով ՆԱՏՕ-ի միասնությունը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսին ընդունել է թիվ 1271 կանոնակարգը՝ երկկուսակցական կողմի՝ 244 կողմ և 179 դեմ ձայների հարաբերակցությամբ։