Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունները կապված են եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հետ, երբ վարչապետի տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել։ Այս մասին կառավարության նոյեմբերի 17-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո հստակ հանձնարարական է տվել, որ գնան և կանխեն, գույքագրեն և բացառեն որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կկրկնվի։ Սակայն այդ հանձնարարականից ուղիղ 2 տարի հետո տեղի է ունենում Սուրմալուի պայթյունը։
«Անհատական պատասխանատվությունը շատ կարևոր բան է։ Վարչապետի կողմից տրված հանձնարարական․․․ես չպետք է հիշեմ, շաբաթը մեկ զանգեմ ասեմ՝ հիշում եք»,- ասաց վարչապետը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացիներ ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: