Ալեն Սիմոնյանը Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Այս մասին նա հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
Սիմոնյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների և պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երևանում սկսված քննարկումները:
«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ եւ այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային եւ հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, եւ չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը եւ ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: