Վերջին շրջանում խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։ Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանը սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։ Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ առերեսվելով նոր սպառնալիքներին՝ ակնկալում են, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա Հայաստանում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։
«Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։
Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ: